ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍ ԼՈՒՐՋ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»

«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍ ԼՈՒՐՋ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
27.11.2009 | 00:00

Նոյեմբերի 25-ին «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցավ կոնֆերանս` «Ղազախստանի Հանրապետության առաջիկա նախագահությունը ԵԱՀԿ-ում. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով։ Այն կազմակերպել էին Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը և «Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը»։ Հանդես եկան տարբեր զեկուցողներ։ Օգտվելով առիթից` հայ-ղազախական հարաբերությունները և դրանց հեռանկարները մեկնաբանելու առաջարկով դիմեցինք Հայաստանում Ղազախստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատար ՆՈՒՐԲՈԼԱՏ ԱԼԻՄԲԱԵՎԻՆ։
-Պարոն Ալիմբաև, Հայաստանը, անշուշտ, հետաքրքրված է այն հանգամանքով, որ հաջորդ տարի Ղազախստանը կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը։ Ինչպիսի՞ զարգացումներ կարող ենք ակնկալել Հարավային Կովկասի երկրների հետ Աստանայի համագործակցությունից։
-Նախ` նշեմ, որ ԵԱՀԿ-ն, առաջին հերթին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն է։ 2010-ին առաջին անգամ ստանձնելով կազմակերպության նախագահությունը` մեր երկիրը, բնականաբար, կանի ամեն ինչ եվրոպական անվտանգությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի պետությունների հետ մեր համագործակցությանը, ապա Ղազախստանի շահերն այստեղ բազմաշերտ են։
Մեզ բոլորիս կապում է նախկին խորհրդային անցյալը։ Դա արդեն իսկ լավ հիմք է փոխըմբռնման և համագործակցության համար։ Ամենից առաջ մեզ հետաքրքրում են տարածաշրջանի տրանզիտային հնարավորությունները, ինչպես տրանսպորտային, այնպես էլ էներգետիկ կոմունիկացիաները։ Եվրոպայի հետ մեզ կապող բոլոր ճանապարհներն անցնում են Ռուսաստանով։ Սակայն կյանքը ցույց տվեց, և հատկապես անցած տարվա ձմռանը մենք ականատես եղանք, որ ռուս-ուկրաինական հակասությունների պատճառով սահմանափակվեց էներգակիրների տարանցման հնարավորությունը դեպի Եվրոպա։ Սա նշանակում է, որ մենք ապահովագրված չենք անակնկալներից։ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում` Հայաստանը, մենք դիտարկում ենք իբրև տրանսպորտային և էներգետիկ կոմունիկացիաները դիվերսիֆիկացիայի ենթարկելու լավ հնարավորություն։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ չի բացառում, որ Սամսուն-Ջեյհան նավթամուղի մի մասն անցնի Հայաստանի հարավային հատվածով։ Առհասարակ, Թուրքիայի տարածքով Եվրոպայի հետ կապ հաստատելու ամենակարճ ուղին Հարավային Կովկասում Հայաստանն է։ Մենք հուսով ենք, որ Հայաստանի շուրջ ծագած խնդիրներն արագ կլուծվեն և կստեղծվի համագործակցության լայն հնարավորություն։
-Դրանից ելնելով` կարելի՞ է արձանագրել, որ Ղազախստանը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին։
-Այո՛, իհարկե։ Մենք շահագրգռված ենք, որ տարածաշրջանի պետությունների միջև լինի փոխըմբռնում։ Դա հնարավորություն կտա ձևավորել այն այլընտրանքային կոմունիկացիոն ուղիները, որոնց մասին նշեցի։
-Սակայն վերջին տարիներին Ղազախստանը դինամիկ համագործակցության մեջ է Չինաստանի հետ, լուրջ միջոցներ են ներդրվում տարբեր համատեղ ծրագրերում։ Այնուամենայնիվ, Աստանան դեպի ո՞ւր է ձգտում` Արևմո՞ւտք, թե՞ Արևելք։
-Իհարկե` Արևմուտք։ Նկատի ունենանք, որ Ռուսաստանն էլ մեզ համար Արևմուտք է։ Ճիշտ է, Չինաստանի հետ Ղազախստանի անկախացումից ի վեր մեզ հաջողվել է ձևավորել լավ հարաբերություններ։ ՈՒնենք արդյունավետ իրականացված և իրագործվելիք փոխշահավետ ծրագրեր։ Սակայն, այնուհանդերձ, հոգեկերտվածքի առումով մենք խիստ տարբեր ենք։ Ղազախստանի բնակիչները, ինչպես նաև նախկին խորհրդային բոլոր ժողովուրդները, նույն մշակութային շերտի ժառանգորդներն են։ Մեր ամենամոտ հարևանը Ռուսաստանն է, և այդ իմաստով մենք միմյանց ավելի նման ենք, մինչդեռ Չինաստանի հետ մեր տարբերությունները քիչ չեն։ Ղազախստանը 20 տարվա անկախություն ունի, և հասկանալի է, որ այդքան կարճ ժամանակահատվածում կողմնորոշումները չէին կարող կտրուկ փոխվել։ Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկով ընդունվեց պետական ծրագիր, որը կոչվում է «Ճանապարհ դեպի Եվրոպա»։ Փաստ է, որ տնտեսական, սոցիալական զարգացման լավագույն չափանիշներն այսօր Եվրոպայում են, և առհասարակ, Արևմուտքում։ Դա, իհարկե, չի նսեմացնում Չինաստանի առավելությունները, բայց դա առանձնահատուկ երկիր է, իր ուրույն մշակույթով ու հոգևոր առանձնահատկություններով։ Բոլոր երկրները չէ, որ կարող են կրկնել նրանց ճանապարհը։
-Հայաստանում անցած տարիների ընթացքում ձևավորվել է թերևս ոչ անհիմն տպավորություն, որ տարածաշրջանում Ղազախստանի առաջնային գործընկերն Ադրբեջանն է, մասամբ` Վրաստանը, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ Աստանան առանձնապես շահագրգռված չէ։
-Կարող եմ նշել, որ այդ տպավորությունը թյուր և ինչ-որ չափով նույնիսկ կեղծ է։ Այն իմաստով, որ մենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ցանկություն իբր չունենք։ Ցանկություն եղել է միշտ, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տնտեսական համագործակցության հնարավորություններն են խիստ սահմանափակ։ Ցավոք, Հայաստանն աշխարհին կապող կոմունիկացիաները զգալի չափով խաթարված են, պատճառները հայտնի են ձեզ։ Անգամ հասարակ մարդու համար այս պայմաններում Ղազախստանից Հայաստան հասնելը հեշտ չէ։
-Եթե չեմ սխալվում` Երևան-Աստանա ուղիղ չվերթ գոյություն ունի։
-Այո՛, այն իրականացնում է մասնավոր ավիաընկերություններից մեկը, բայց համաձայնեք, որ օդային կապը տնտեսական համագործակցության զարգացման համար լուծում չէ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ մեր ավելի ակտիվ տնտեսական հարաբերությունները հետևանք են այն բանի, որ մենք հնարավորություն ունենք Կասպից ծովով կապվելու Ադրբեջանի, նրա տարածքով` Վրաստանի հետ, որն էլ իր հերթին սևծովյան նավահանգիստներով ելք ունի դեպի միջազգային շուկաներ։ Մեր համագործակցության մեջ զգալի տեղ է զբաղեցնում էներգառեսուրսների արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Ցավոք, Հայաստանը բոլոր այս ծրագրերից մի փոքր, կարծես, դուրս է մնացել։ Թեպետ միաժամանակ, եթե Ադրբեջանի կամ Վրաստանի հետ մեր հարաբերություններն ավելի սերտ լինեին, ապա այդ դեպքում ինչո՞ւ Ղազախստանը որևէ դրսևորում չի ունեցել Հայաստանի դեմ։ Եթե անգամ ինչ-որ թյուրիմացություններ եղել են, ապա հարթվել են շատ արագ և փոխադարձ ըմբռնումով։
-Դե, թերևս, այն պատճառով, որ Հայաստանն ու Ղազախստանն ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններ են։
-Միանգամայն ճիշտ է, և հենց դա էլ ապացուցում է, որ միայն տնտեսական համագործակցությամբ չի պայմանավորվում պետությունների քաղաքականությունը։ ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցությունը հայ-ղազախական հարաբերությունների հիմքն է, ինչպես նաև մեր հարաբերություններն ԱՊՀ շրջանակներում։ Նկատի ունենանք, որ ռազմական գործընկերությունը պակաս լուրջ պարտավորություններ չի պարունակում, քան տնտեսականը։ Նկատի ունենալով նույն ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում մեր հարաբերությունները, մանավանդ այդ դաշինքի զարգացման հնարավոր հեռանկարները, անկասկած է, որ մեր երկրների միջև գործընկերությունը լուրջ ապագա ունի։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1568

Մեկնաբանություններ